Զատկական առած- ասածվացքներ, ասիկ-ասույթներ
Քրիստոս հարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է հարութիւնն Քրիստոսի:
Տիկին-տիկին, տիկնակոթ, Տիկինը գնաց բանջարի, Բանջար չկար, խոտ կար, Խոտի տակին ծիտ կար: Ծտի տակին ձու կար, Քեռիս փայտը կտրատեց, Քեռակինս ձուն խաշեց, Մոտեցա մինը վերցնեմ, Շերեփը գլխիս քաշեց:
Կարմիր արև քեզ, ախպեր, Աստծու բարև քեզ, ախպեր:
Կարմիր եզին օղն ու կոճակ, Կարմիր հավկիթս դուրս բերեք, Ճերմակ հավկիթս ներս տարեք:
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
_ Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն, Իջի մեր տուն, իջի մեր տուն, Ես քեզ կտամ նուշի կթուն:
Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ:
Տի~զ- տի~զ, Ակլատիզ, Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ, Պասը գնաց, Զատիկն եկավ, Այծն էլ խոտը կերել է:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Էլ պաս չկա, բան չկա, ի~նչ պիտի անես հիմա, ա՛յ թոռոմած կծու սոխ, քեզնից վախեցող չկա:
Ծերացել ես, ծե~ր_ծե~ր, մնացել ես դու անտեր, Փետուր չունես, պոչ ունես, պոչդ առ ու հեռացիր:
Դռան առաջ հերկեցինք, Զատկի ձվեր ներկեցինք, Դրկցին ողջույն տվեցինք: Լուսնյակն անուշ, հովն անուշ, Հում կաթի պաղ սերն անուշ:
Մարիա՛մ խաթուն, Մարիա՛մ խաթուն, Իջի մեր տուն, իջի մեր տուն, Ես քեզ կտամ նուշի կթոն /միջուկ/:
Կարմիր եզին օղն ու կոճակ, Կարմիր հավկիթս դուրս բերեք, Ճերմակ հավկիթս ներս տարեք
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է: Ունեցողի համար ամեն օր Զատիկ է: Զատիկն առանց ձվի չի լինի: Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ: Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Զատկական հանելուկներ
1 .Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
/ձու/
2. Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
3 . Այսօր կլոր մարմար քար, Վաղը թռչի վեր ու վար:
4 . Շնչավորից անշունչ ելավ, Անշունչից շնչավոր:
/զատիկ/
5. Կարաս ունեմ մի պուճուր, Մեջը՝ երկու գույնի ջուր:
/ձու/
Ինչպես են տոնում Զատկի տոնը տարբեր երկրներում
Ֆինլանդիա
Ֆինլանդիայում երեխաները Զատիկին ներկում են երեսը, գլխին եւ պարանոցին փաթաթում են շարֆ եւ դուրս են գալիս փողոց` մուրացկանության: Արեւմտյան Ֆինլանդիայի որոշ հատվածներում մարդիկ խարույկ են վառում: Համաձայն ավանդույթի` ծուխն իր հետ տանում է երկրի վրա շրջող չար հոգիներին:
Լեհաստան
Զատիկի օրը նմանվում է հայկական Վարդավառին: Մարդիկ միմյանց վրա ջուր են լցնում: Այս ավանդույթը կոչվում է Սմինգուս-Դինգուս: Ըստ լեգենդի` այն աղջիկները, որոնց ջրեն, տարվա ընթացքում կամուսնանան:
Ֆրանսիա
Եթե Զատիկի օրը հայտնվեք ֆրանսիական (Haux) քաղաքում, ապա չմոռանաք ձեզ հետ վերցնել պատառաքաղ, քանի որ այստեղ արդեն ավանդույթ է դարձել տոնի օրը գլխավոր հրապարակում մատուցել հսկայական ձվածեղ: Այս օմլետը պատրաստվում է մոտավորապես 4500 հավկիթից եւ կարող է կշտացնել 1000 հոգու: Ասում են` այս ավանդույթը ձեւավորվել է այն ժամանակ, երբ Նապոլեոնն իր զորքի հետ ճանապարհորդելով Ֆրանսիայում` կանգ է առնում մի փոքրիկ քաղաքում, որտեղ նրան օմլետ են հյուրասիրում: Նրան այնքան է դուր գալիս ուտեստը, որ նա հրամայում է քաղաքի բոլոր մարդկանց հավաքել իրենց տանը մնացած հավկիթներն ու դրանցից բոլորով պատրաստել օմլետ:
Հունաստան
Հունաստանի որոշ հատվածներում Զատիկի օրը պատուհանից դեն են նետում հին սպասքը` թավաները, կուժերը եւ այլն: Ինչ-որ չափով այս ավանդույթը նման է Վենետիկի Ամանորյա ավանդույթին, երբ պատուհանից դեն են նետում հին իրերը:
